Իտալացի հայտնի ջութակահար ու ալտահար Մարկո Միշանիայի եւ ճանաչված օպերային երգիչ, «Զվարթնոց» կվարտետի գեղարվեստական ղեկավար Տիգրան Կոնինյանի՝ «Գառնի» հեթանոսական տաճարում նկարահանված «Արեւի երգը` Արեւի աստծո տաճարում» տեսահոլովակը ուղղված է Իտալիայի հասարակությանը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից հայտնում են, թե համատեղ տեսահոլովակ նկարահանելու նախաձեռնությունը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանինն է: Իտալացի երաժիշտի հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում կազմակերպության ղեկավարը բարձրաձայնել է իր մտահղացման մասին: Մարկո Միշանիան մեծ ոգեւորությամբ է արձագանքել առաջարկին, ինչից հետո համաձայնություն է ձեռք բերվել հայտնի ջութակահարի երեւանյան համերգի կազմակերպիչ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»-ի տնօրենության հետ:

Հայ-իտալական գործակցությունը միտված է «Գառնի» հեթանոսական տաճարի հանրահռչակմանը, նաեւ՝ հայկական մշակութային ժառանգության հանդեպ իտալացի զբոսաշրջիկների մոտ հետաքրքություն առաջացնելուն:

Տիգրան Կոնինյանը եւ նրա ղեկավարած «Զվարթնոց» կվարտետը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լավագույն բարեկամն են: Տեղացի այցելուները եւ օտարերկրացի զբոսաշրջիկները «Զվարթնոց» կվարտետի անզուգական կատարումները հաճախ կարող են ունկնդրել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում:

Մ. Միշանիայի եւ Տ. Կոնինյանի համատեղ աշխատանքը շուտով կներկայացվի հասարակության դատին: