ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուշագիր է ստորագրել, որով դադարեցվում է ոստիկանների կողմից բռնված անօրինական ներգաղթյալներին մինչեւ դատարանի կողմից նրանց կարգավիճակի որոշումը ազատության մեջ թողնելու պրակտիկան, հաղորդում է Reuters–ը։

Այս քաղաքականությունը կոչել են «բռնել–բաց թողնել»։ Հուշագրով հանձնարարական է տրվում պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսին՝ պատրաստել եւ նախագահին ներկայացնել այն ռազմական օբյեկտների ցուցակը, որտեղ կարելի է պահել անօրինական ներգաղթյալներին մինչեւ դատարանի վճիռը։

Ավելի վաղ հայտնել էին, որ ապրիլի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Ազգային գվարդիայի 2-4 հազար զինծառայող ուղարկել Մեքսիկայի հետ սահման։ Դրանից որոշ ժամանակ առաջ պետության ղեկավարը խոստացել էր խզել Մեխիկոյի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը՝ ապօրինի միգրացիայի ու թմրադեղերի շրջանառության պատճառով։ Բացի դրանից, Թրամփի նախընտրական խոստումներից մեկն է եղել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը։ Մարտի վերջին Կոնգրեսը հաստատել է 1․6 մլրդ դոլարի հատկացումը, չնայած ի սկզբանե բյուջեի նախագծում նախագահն  այդ նպատակի համար 25 մլրդ դոլար էր պահանջել։