Եվրամիությունը պատրաստ է բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը պարզեցնելու շուրջ: Այս մասին Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
«ԵՄ-ին եւ Ադրբեջանին միավորում են շատ հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում: Դրանց թվում է տարածաշրջանային կայունությունը, էներգետիկ անվտանգությունը եւ շատ այլ հարցեր»,- ասել է Բարոզուն ու հավելել. «Իմ այցելությունը Բաքու վկայում է այն մասին, որ ԵՄ-ն ցանկանում է գործընկերային հարաբերություններ զարգացնել Ադրբեջանի հետ»:
Հիշեցնենք, որ 2010-ի մայիսին Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվել է «Արեւելյան գործընկերության» նախագիծը: Այդ ծրագիրը նախատեսում է 6 երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա եւ Բելառուս) քաղաքական եւ տնտեսական մերձեցում ԵՄ-ի հետ:
«Արեւելյան գործընկերությունը» չի նախատեսում այդ երկրների ԵՄ անդամակցության հնարավորություն, բայց ենթադրում է վիզային ռեժիմի պարզեցում, համագործակցություն էներգետիկ եւ ազատ առեւտրի ոլորտներում:





























