Ադրբեջանն այս տարի ակտիվացնելու է իր գործողություննները միջազգային ատյաններում, իսկ պատերազմական գործողությունների այդ երկիրը մոտակա մեկ տարում հաստատ չի դիմի։ Հունվարի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
«Սակայն այս տարի ակնկալվում են աշխարհաքաղաքական բնույթի այնպիսի գործընթացներ եւ որոշումներ, որոնք իրենց անդրադարձը կունենան ղարաբաղյան հարցի կարգավորման ժամկետների եւ ուղիների ճշտման վրա»,- կարծիք հայտնեց Մելիքյանը։
Անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հունվարի վերջին նախանշված հանդիպմանը՝ նա նշեց, որ այն զսպողական բնույթի կլինի եւ հակամարտող կողմերին կոչ կանի զերծ մնալ ռազմատենչ հայտարարություններից։ «Սակայն Ադրբեջանն անկանխատեսելի է եւ հնարավոր է, որ եռակողմ հանդիպման ժամանակ ծայրահեղ դիրքորոշում ցուցաբերի»,- ասաց Մելիքյանը:
Ամփոփելով՝ նա նկատեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական երկու կողմերն առ այսօր միասնական քաղաքականություն եւ մոտեցումներ չեն մշակել։ «Այլ բան է, եթե Լեռնային Ղարաբաղն իր համար հստակ ուղեգիծ որոշած լիներ, որով էլ կառաջնորդվեր ԱԳՆ-ն։ Միասնական գործողությունների ծրագիր չկա նաեւ Հայաստանում, ավելին Հայաստանը շարունակում է թաղված մնալ ԵԱՀԿ միջնորդական փսեւդո առաքելության ճահճում»,- ամփոփեց ԼՂՀ արտգործնախարարը:





























