Վաղը, հունվարի 15-ին Բաքվում մեկնարկելիք Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի «World Masters» օլիմպիական վարկանիշային մրցաշարին յուրաքանչյուր քաշային կարգում կմասնակցեն համաշխարհային դասակարգման ուժեղագույն 15 մարզիկները եւ մեկական ադրբեջանցի: 60 կգ քաշային կարգում համաշխարհային վարկանիշային աղյուսակի ընթացիկ 15-րդ տեղն է զբաղեցնում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Դավթյանը, սակայն նա հայտավորված չէ Բաքվի մրցաշարում: Աշխարհի առաջատար 15 ձյուդոյիստներից 60 կգ քաշային կարգում Բաքվի մրցաշարը բաց կթողնեն նաեւ աշխարհի երկրորդ համար ճապոնացի Հիրոակի Հիրաոկան, 3-րդ համար, Ուկրաինայի ներկայացուցիչ Գեորգի Զանտարայան, 7-րդ համար, ճապոնացի Մասաակի Ֆուկուոկան եւ 14-րդ համար, ֆրանսիացի Սոֆիեն Միլոուսը: Այս քաշային կարգի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Արսեն Գալստյանը, որի առաջին մրցակիցը կլինի վրացի Դավիթ Ասումբանին:
Բաքվում հանդես կգան 41 երկրների ներկայացուցիչներ:





























