Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը չի հեռացվել Հանրապետական կուսակցության շարքերից, ՀՀԿ-ն նման մտադրություններ չունի: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

Նա նաեւ հերքել է շրջանառվող լուրերը Բեգլարյանի կողմից նոր քաղաքական ուժի ստեղծման մասին: «Կարծում եմ՝ նման նախադրյալներ չկան»,- հայտարարել է Զոհրաբյանը՝ նկատելով, որ տեղյակ չէ, թե որտեղ է գտնվում Բեգլարյանը: «Դե, այսօր շատ հանրապետականներ չեն գալիս կուսակցության գրասենյակ, բացակայում են հանրապետությունից: Դե, հասկանում եք, տոներ են»,- պարզաբանել է պատգամավոր: Նա նշել է նաեւ, որ Երեւանի նախկին քաղաքապետի նկատմամբ քրեական գործ չի հարուցվելու:

Մեկնաբանելով լրատվամիջոցների տեղեկությունները՝ Երեւանի ներկայիս քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ հայտնի քրեական հեղինակությունների  միջեւ սերտ կապի մասին, Զոհրաբյանը նկատել է. «Մայրաքաղաքի ամեն մի շրջանում էլ գողական հեղինակություններ են ապրում, բայց դա չի նշանակում, որ, ապրելով նրանց կողքին, դու սերտ կապեր ունես քրեական աշխարհի հետ: Եսչեմ կարծում, որ Կարեն Կարապետյանը կապեր ունի քրեական աշխարհի հետ»:
Հարցին, թե ինչու քաղաքապետի ընտրություններին վերջին պահին չեղյալ հայտարարվեց Տարոն Մարգարյանի թեկնածությունը, Զոհրաբյանն ասել է. «Տարոն Մարգարյանը դեռ երիտասարդ է, կհասցնի քաղաքապետ դառնալ»:

Զոհրաբյանը նաեւ հերքել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության լուրը: