Հայաստանի կառավարությունը ճիշտ կանի, եթե գնի Կարսում հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող բարեկամության հուշարձանը եւ այն տեղադրի սահմանի այս կողմում, միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ Հայաստանը շարունակում է մնալ խաղաղության կողմնակիցը Հարավային Կովկասում: Թուրքական Hurriyetdailynews-ում տպագրված հոդվածում նման առաջարկ է արել «Հրապարակային քաղաքականության իսնտիտուտի» ղեկավար Հովհաննես Նիկողոսյանը:
«Անձնապես, մարդ կարող է չցանկանալ սեղմել «լայք» կոճակը այս հուշարձանի նկարների տակ, բայց արտիստների եւ քաղաքականություն իրականացնողների միջեւ տարբերությունը պետք է պահպանվի: Եթե արտիստները ազատ են արտահայտելու իրենց էմոցիաները «ճարտարապետական արժեքների» … վերաբերյալ, քաղաքականություն իրականացնողները պետք է տեսլական ունենան, բավական, որպեսզի յուղ չլցնեն վերջերս կրկին թափ առած ատելության, ազգայնականության եւ տգիտության կրակի վրա: Վարչապետ Էրդողանը, իհարկե, երկրորդ տիպի հանրային կերպարներից է, ոչ առաջին»,- գրել է Նիկողոսյանը: «Այժմ Թուրքիայի կառավարության առաջնայնությունները փոխվել են: Թուրքիայի ներքին քաղաքականության հիմնաքարային փոփոխություններին զուգընթաց, ազգայնական զգացումների խորությունը արտահայտում է նաեւ այն, որ Կարսի հարեւան Իգդիր նահանգում, Ռոյթերս գործակալության հիշեցմամբ, դեռ կանգուն է մի հուշարձան, որ բաղկացած է հինգ 40-մետրանոց սրերից` ուղղված երկինք, որ հիշատակում է թուրքերի սպանությունները հայերի կողմից:
Մենք չենք հասկանում, ինչպես կարող են խաղաղության եւ հաշտեցման խորհրդանիշերը վաճառվել հանուն վերընտրման, եթե սա է իրական պատճառը»,- նշել է հայ փորձագետը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս կատարած այցի ընթացքում անդրադարձել է Կարսի նախկին քաղաքապետի օրոք կառուցված եւ հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հսկա արձանին՝ անվանելով այն հրեշավոր ու քանդման ենթակա:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ափսոսանք էր հայտնել Էրդողանի հայտարարության կապակցությամբ եւ նշել, որ դա եւս մեկ խոչընդոտ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին:
«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ հուշարձանը պետք է ապաոնտաժվի, թելադրված են բացառապես էսթետիկական դրդումներից, եւ քաղաքական որեւէ ենթատեքստ չկա»,- իր հերթին պատասխանել էր Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:





























