Հայաստանի Հանրապետությունում անձնագրերի դեֆիցիտ չկա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը։ Մինչդեռ, NEWS.am-ին են դիմում մի շարք քաղաքացիներ, ովքեր պնդում են հակառակը։ Ըստ քաղաքացիների, երբ իրենք անձնագիր ստանալու համար դիմել են Երեւանի իրենց վարչական շրջանների անձնագրային ծառայություններին, իրենց հայտնել են, թե հանրապետությունում անձնագիր չկա եւ առաջակել են սպասել մի քանի շաբաթ։ Անձնագիր ստանալու համար դիմած քաղաքացիներին տրվել է անձնագին փոխարինող «9-րդ ձեւ»-ը, որով, սակայն, նրանք խնդիրներ են ունենում որոշ գործարքներ իրականացնելիս։
«Եթե դուք գալիս եք ինձ մոտ անձնագիր փոխելու, ձեզ ասում եմ՝ եթե ձեզ այսօր պետք է, հրատապ է անձնագիր, խնդիր չկա, կընդունեմ։ Բայց եթե ձեզ համար տարբերություն չկա՝ հիմա կստանաք, թե մեկ ամսից, դժվար չէ՞ երկու շաբաթից կհանդիպենք։ Այդտեղ ի՞նչ խնդիր կա»,-հայտարարեց Մուրադխանյանը։ (Խնդիրն այն է, որ եթե անձնագրերի դեֆիցիտ չկա, ապա ինչո՞ւ պետք է քաղաքացին անիմաստ երկու շաբաթ սպասի)։
Նա միաժամանակ ընդգծեց, որ ում այսօր անձնագիր է պետք, նա դիմում է եւ դիմումին սահմանված կարգով ընթացք են տալիս։ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետը հավաստիացրեց, որ մոտ ժամանակներս կստանան նոր բլանկները։ Նշենք, որ ՀՀ անձնագրերը 2004 թվականից տպագրվում են Եվրոպայում՝ Ֆրանսիայում։





























