Այս տարի սպասարկման ոլորտում որակական դրական փոփոխություններ են նկատվելու։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին համոզմունք հայտնեց  «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի տնօրեն Սամվել Գեւորգյանը՝ նշելով, որ 2010 թվականին հայաստանյան գործարարները սկսել են հետաքրքրվել իրենց աշխատակիցների հմտության եւ որակական չափանիշների մակարդակի բարձրացմամբ։ «2010-ին նախորդած տնտեսական դժվար տարիները, ըստ երեւույթին, բացահայտեցին գործարար միջավայրում առկա թույլ տեղերը, ինչպես նաեւ մրցակցությունն է ավելացել, այդ պատճառով, թերեւս՝ որոշ ընկերություններ արդեն լուրջ են մոտենում անձնակազմի վերապատրաստման հարցին»,- ասաց Գեւորգյանը՝ նկատելով, որ «Բի Էս Սի»-ի կազմակերպած դասընթացներին եւ թրեյնինգներին հատկապես ակտիվ մասնակցում են բանկային, ՏՏ ու հեռահաղորդակցական ոլորտների ընկերությունները։ Ըստ  «Բի Էս Սի»-ի տնօրենի՝ ՏՏ ոլորտում գործող ընկերությունները մինչեւ 2010 թվականը նախընտրում էին միայն տեխնիկական հարցերին առընչվող թրեյնինգներ, սակայն նախորդ տարվա վերջում սկսել են հետաքրքրվել նաեւ անձնակազմի կառավարման, անձնակազմի սպասարկման հմտությունների բարձրացման հարցերով։

«Մի քանի ընկերություններում, ղեկավարները աշխատակազմի վրա կատարված ծախսերն արդեն սկսել են դիտարկել որպես ներդրում, ինչն իսկապես այդպես է»,- նշեց Գեւորգյանը՝ նկատելով, որ Հայաստանի գործարար շրջանակում այս հանգամանքը լուրջ դրական փոփոխություն է։

«Բի Էս Սի»-ի տնօրենի խոսքով, այս ընկերությունների թիվը դեռեւս շատ չէ, սակայն նրանք որոշիչ դեր են խաղում շուկայում։

Գեւորգյանը տեղեկացրեց, որ Բիզնեսի Աջակցման Կենտրոնը մոտ 40 թեմայով թրեյնինգներ եւ դասընթացներ է առաջարկում, որոնք անցկացվելու է 2011թ.. առաջին կիսամյակի ընթացքում: Թրեյնինգների ժամանակացույցն, ինչը բիզնես հանրությանը ներկայացվում է արդեն յոթ տարի անընդմեջ, արդեն տեղադրված է www.bsc.am և www.trainings.am կայքերում: