Հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընը որպես հաշտության ժեստ ժամացույցի սլաքները կես ժամ առաջ կտանի՝ Հարավային Կորեայի հետ ժամային միասնական գոտի սահմանելով: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի ներկայացուցիչը՝ նշելով, որ այս հարցում համաձայնություն է ձեռք բերվել երկու Կորեաների պատմական գագաթնաժողովի ժամանակ, փոխանցում է AFP-ն:

2015 թվականից Հյուսիսը եւ Հարավը ժամային տարբեր գոտիներ ունեին, երբ Փհենյանը որոշել էր ժամացույցի սլաքները 30 րոպե հետ տանել՝ հիմնավորելով, որ այս կերպ է ցանկանում նշել թերակղզում 1910-45 թվականներին հաստատված Ճապոնիայի գաղութային գերիշխանությունից ազատագրումը:

Ինչպես նշել է պաշտոնյան Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինի հետ հանդիպման ժամանակ Կիմը հուզվել է՝ պատի զույգ ժամացույց տեսնելով, որոնք տարբեր ժամեր էին ցույց տալիս: «Քանի որ հենց մենք ժամանակը փոխեցինք, ապա հենց մենք էլ կվերադառնանք ժամային այն գոտուն, որը մինչ այդ կար: Դուք կարող եք այս մասին հրապարակայնորեն հայտարարել»,- Կիմին մեջբերել է հարավկորեացի պաշտոնյան:

Հարավը ողջունել է այս «խորհրդանշական քայլը»՝ Սեուլի եւ Փհենյանի միջեւ կապերի բարելավման համար: