Եթե ԱՄՆ-ն չհրաժարվի ԵՄ-ից ներմուծվող պողպատի եւ ալյումինի վրա մաքսատուրք սահմանելու գաղափարից, ապա «եռակի արձագանքի» կբախվի: Այս մասին Frankfurter Allgemeine Zeitung պարբերականի հետ զրույցում հայտարարել է առեւտի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրյոմը:
Մալմսթրյոմը նկատի ունի Եվրամիության դիմումը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, եվրոպացի արտադրողներին աջակցության միջոցառումների ձեռնարկումը, ինչպես նաեւ ամերիկյան ապրանքների վրա ԵՄ մաքսատուրքերի սահմանումը, մասնավորապես՝ նարնջի հյութի, ջինսի, վիսկիի եւ մոտոցիկլետների ներմուծման վրա:
«Այժմ մեզ համար առաջնահերթ է մնում բարձր մակարդակով երկխոսությունը»,- նշել է Սեսիլիա Մալմսթրյոմը: Նրա խոսքով՝ պաշտոնական Բրյուսելը հույս ունի, որ բանակցությունները կշարունակվեն, սակայն արդեն պատրաստվում է միջոցներ ընդունել, եթե ԱՄՆ-ն չհրաժարվի «երկարաժամկետ հեռանկարում եւ առանց որեւէ պայմանի» մաքսատուրքերի սահմանումից:




























