Թերթը զրուցել է ՀԱԿ-ի անդամ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ։ Ներկայացնում ենք մի հատված զրույցից։
Դուք ասացիք՝ լուրջ խնդիրներ են հանարավոր ԼՂ հարցի առթիվ. ո՞րն է լինելու ընդդիմության դերակատարությունն այս հարցում, ի՞նչ է անելու ընդդիմությունը, եթե նման հարցեր դրվեն ՀՀ-ի առաջ։
Լեւոն Տեր-Պետրոսյանը մեր միտինգներում, գուցե շատերի համար երկարաշունչ թվացող ելույթներում այդ հարցերի մանրամասն բացատրությունը տվել է։ Վերջիվերջո, Ղարաբաղի մասով լուծումներն էնքան շատ չեն, որ իշխանություն-ընդդիմություն կամ առանձին քաղաքական ուժերի մոտեցումներ փոխվեն։ Էդ լուծումը մեկն է։ Աշխարհը գտել է մի գիծ, որից մի քիչ էն կողմ Ադրբեջանն իրեն պարտված է համարելու,մի քիչ էս կողմ Հայաստանն է իրեն պարտված համարելու։ Եթե ուզում ես խնդիրը լուծես, սահմանները բացվեն, տարածաշրջանը տարածաշրջան դառնա, քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվես, պիտի գնաս փոխզիջման։...Եւ այդ, Ղարաբաղի խնդրի ակտիվացման հետ տնտեսական ոչ բարվոք վիճակը, սոցիալական անտանելի պայմանները, շուկայական տնտեսության բացակայությունն ու մոնոպոլիզացիայի աճը ազգային հարցի հետ մի կետում հատվելու պարագայում առաջացնելու են լուրջ ֆորս-մաժորային իրավիճակ։ Ու թող իշխանություններն իմ ասածի մեջ ոչ թե չարություն տեսնեն, այլ տեսնեն մարդու վերլուծության արդյունք։





























