ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 30-ին մամուլի ասուլիսում հաստատել է, որ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը կարող է անցկացվել Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի միջեւ գտնվող սահմանային կետում՝ Փհանմունջում կամ Սինգապուրում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ն երբեք այսքան մոտ չի եղել Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը», - ասել է ԱՄՆ նախագահը:

Նա նորից նշել է, որ չի բացառում Վաշինգթոնի եւ Փհենյանի միջեւ պայմանավորվածությունների ձախողումը: «Տեսնենք, թե ինչ կլինի: Ես հաճախ եմ ասում՝ ով գիտի: Շատ բաներ փոխվում են», -ասել է նախագահը:

Սակայն, նա նշել է, որ ԿԺԴ-ը ղեկավարը դեռ կատարում է իր խոստումները:

 «Կիմ Չեն Ընը մինչ այսօր շատ անկեղծ ու ուղղամիտ էր: Կարող եմ միայն ասել՝ մինչ այսօր: Նա մտածում է փորձադաշտից, բալիստիկ հրթիռներից, միջուկային փորձարկումներից հրաժարվելու մասին: Նա երկար ժամանակ կատարում է այս ամենը, ավելի երկար ժամանակ, քան որեւէ մեկը տեսել էր», - ընդգծել է նա: