Այս տարվա, մոտավորապես ապրիլի կեսերին  կլուծարվի գործող խորհրդարանը, իսկ մայիսի 10-ին կանցկացվեն արտահերթ ընտրություններ:  Այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ իշխանությունն ունի խորհրդարանական ընտրությունների անցկացման երկու սցենար՝ գնալ հերթական եւ արտահերթ ընտրություննների:  Ըստ Հովհաննիսյանի, եթե իշխանությունը կիրառի առաջին սցենարը՝ գնա հերթական ընտրությունների, դա կնշանակի գնալ «բլից քրիգի»՝ սառեցնել բոլոր քաղաքական ուժերին եւ անմիջապես ձեւավորել կառավարություն:  Իսկ եթե իշխանությունները գնան արտահերթ ընտրությունների, ապա, ըստ Հովհաննիսյանի, չի հաջողվելու ձեւավորել կառավարություն եւ իրավիճակը պահել վերահսկողության տակ: Ըստ նրա՝ եթե նշանակվեն արտահերթ ընտրություններ, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը գլխավորելու է ՀԱԿ-ի ցուցակը: Իսկ եթե լինեն հերթական ընտրություններ, ապա 99 տոկոսով կարելի է պնդել, որ Տեր-Պետրոսյանը չի գնալու ընտրությունների: «Նա հայտարարելու է, թե ավազակապետությունը ի վիճակի չէ նորմալ ընտրություններ անցկացնել, նախագահական ընտրություններին մնում է մի քանի ամիս եւ ինքը  կգնա նախագահական ընտրությունների, հաղթելու դեպքում կցրի ավազակապետության կողմից ձեւավորված խորհրդարանը եւ նորը կձեւավորի»,-կանխատեսեց Հովհաննիսյանը: