Կարելի է միայն ողջունել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ստորագրված հռչակագիրը երկկողմ հարաբերությունների մասին, որով Նիկոսիան համերաշխություն է հայտնում ղարաբաղյան հարցում հայկական կողմի դիրքորոշմանը եւ հայ-թուրքական գործընթացի մեղքը բարդում է Անկարայի վրա, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին ասել է ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Հայաստանն ու Կիպրոսն այն երկրներն են, որ մշտապես պետք է ակտիվացնեն իրենց համագործակցությունը: Այդ երկու երկրներին միավորում են ոչ միայն ընդհանուր շահերը, այլեւ ընդհանուր հակառակորդը»,- նկատել է Սաֆարյանը:

Ընդ որում նա տվյալ հռչակագրի ստորագրումը շատ օգտակար է համարել Հայաստանի համար միջազգային կառույցներում, հատկապես Եվրամիությունում Հայաստանի շահերն առաջ մղելու համար: «Կիպրոսը փոքր երկիր է, բայց Եվրամիության կարեւոր անդամ, եւ կարող է աջակցել Հայաստանի դիրքորոշմանն այդ կառույցում»,- ասել է պատգամավորը:

Նա նշել է նաեւ, որ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի նման կապերի հետագա հաստատման համար՝ այլ երկրների հետ նման հռչակագրերի ստորագրման նպատակով: «Դա կօգնի ստանալ բարեկամ երկրների աջակցությունը միջազգային կառույցներում: Իսկ երկկողմ փաստաթղթերի կնքումը նման բովանդակությամբ նախադեպ կստեղծի հայկական կողմի շահերից բխող բանաձեւերի ընդունման համար»,- ամփոփել է պատգամավորը: