Ռուսաստանի հայերի եւ ռուսաստանցիների միջեւ գլոբալ թշնամանք չկա, ինչպես հաճախ կարելի է ենթադրել լրատվամիջոցների հրապարակումներից, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռուսաստանում առկա միջէթնիկ իրավիճակը բացատրեց Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը: Նա նշեց, որ թշնամություն կա ազգային խմբավորումների մակարդակով, եւ պարտադիր չէ, որ դրանցում լինեն ռուսներ: Օրինակ` մերձսեւծովյան տարածաշրջանում հաճախ են լինում բախումներ հայերի եւ հյուսիսկովկասցի երիտասարդների միջեւ:

Թավադյանի կարծիքով, դժվար է խոսել Ռուսաստանի հայկական համայնքի նկատմամբ ռուսաստանցիների վերաբերմունքի մասին, քանի որ հայկական համայնք հասկացություն գոյություն չունի:

«Կա Ռուսաստանի հայեր հասկացություն, որպես առանձին մարդիկ, բայց ներդաշնակ, համախմբված համայնք չկա: Որոշ տարածաշրջաններում հայկական կազմակերպություններ գործում են, մյուսներում` չեն գործում»,- նշեց Թավադյանը:

Ամեն դեպքում Ռուսաստանի հայերի դեմ պլանավորված կամ կազմակերպված քաղաքականություն չկա: Թշնամանք կամ ներքին լարվածություն կարող է ծագել շարքային կենցաղային դեպքերից, որոնք օգտագործում են տարբեր խմբավորումներ:

«Իհարկե, այդպիսի դեպքերի ժամանակ իրավապահ մարմինները ձեռնարկում են որոշակի քայլեր, բայց չի կարելի ասել, թե գոյություն ունի ազգամիջյան իրադրության կայունացման լուրջ պետական քաղաքականություն: Այդ միջոցառումները կատարվում են ձեւականության համար»,- ամփոփեց Թավադյանը: