Պարտադիր ավտոապահովագրության օրենքի համաձայն՝ 2011 թ. հունվարի 1-ից ապահովագրական պոլիսներ պետք է ձեռք բերեն նաեւ այն մեքենաները, որոնք հաշվառված են այլ երկրներում, սակայն ժամանակավոր մուտք են գործում Հայաստան, իսկ դա լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել վիրահայերին:
Ջավախքի հայերի մեքենաները հաճախակի են հատում հայ-վրացական սահմանը, ու որպեսզի Հայաստանում խնդիրներ չունենան՝ նրանց սեփականատերերից շատերը գնել են ապահովագրական պոլիս 1 տարի ժամկետով։ Սակայն դա նրանց համար խնդիրներ է հարուցել Վրաստանում՝ վրացական իշխանությունները պարտադրում են Վրաստանի սահմանում ավտոմեքենայի դիմապակու վրա չփակցնել հայկական ԱՊՊԱ կտրոնը։
Ըստ Կենտրոնական բանկի վարչության պետ Վահե Վարդանյանի տեղեկացման՝ այդ պահանջը դրվում է հենց վրացական մաքսային ծառայությունների կողմից, եւ հավանաբար բխում է այդ երկրի ներքին ընթացակարգերից։ Ներկայում վրացական իշխանությունների հետ բանակցություններ են տարվում ԱՊՊԱ կտրոնը «ճանաչելու» ուղղությամբ։





























