«Մարտի 1-ի» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ԱԺՄ-ն ներկայացնող անդամ Արտավազդ Վարդանյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ, թե ով է գրել հանձնաժողովի զեկույցը: «Ես տեղյակ չեմ, Արամ Կարապետյանը եւս տեղյակ չէ: Բայց ես մեկ ամիս առաջ Սամվել Նիկոյանին ասացի, որ ուզում եմ ծանոթանալ զեկույցին, բայց այդպես էլ չտվեցին ինձ ծանոթանալու համար: Նշեմ, որ 1-2 հոգի զեկույցի որոշակի հոդվածների վրա աշխատել են»,-ասաց նա, հավելելով, որ չի կարողացել կարդալ զեկույցն ամբողջությամբ, քանի որ միայն վերջին պահին են տվել իրեն, որ ստորագրի: Ա. Վարդանյանի ներկայացմամբ, ինքը կարողացել է ծանոթանալ զեկույցի միայն 30 տոկոսին:

«Այդ թեման պետք է այնքան եփվեր, որ կարողանայի կարծիք հայտնել: Այն ինչը հասցրել եմ կարդալ` չեմ կիսում: 10 զոհերի մահվան հանգամանքների հատվածը պարփակ չէ», — ասաց նա:

Ի դեպ, թեեւ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել էր, որ հանձնաժողովի անդամնեը կարող են մասնակցել ԱԺ նիստին, որտեղ պետք է ներկայացվի զեկույցը, սակայն կոնկրետ Արտավազդ Վարդանյանին ընդհանրապես չեն հրավիրել ԱԺ: Արտավազդ Վարդանյանն ու ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը զեկույցի տակ չեն ստորագրել: