Գյուղատնտեսական տեխնիկայի արտադրությամբ զբաղվող ֆիննական «Սամպո Ռոզենլյու» ընկերությունը հետաքրքրված է հայաստանյան շուկայով եւ մտադրություն ունի Հայաստանում հիմնել հացահատիկահավաք կոմբայնների հավաքման գործարան: Այս մասին Երեւանում նշել են այդ ընկերության ներկայացուցիչները, որոնց այսօր՝ հունվարի 18-ին ընդունել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նմանատիպ նախագծեր ընկերությունը հաջողությամբ իրականացնում է տարբեր, այդ թվում` մի շարք ԱՊՀ երկրներում: Տեղական ներուժի ներգրավմամբ նման փոխշահավետ նախագծի իրագործումը, ըստ ընկերության ներկայացուցիչների, հնարավորություն կտա բավարարել թե՜ երկրի ներքին պահանջարկը, թե՜ արտահանել տեխնիկան: Ընկերությունը ծրագիրը նախատեսում է իրականացնել գործընկերային սկզբունքներով:

Փոխվարչապետը նախագիծը հետաքրքիր է համարել` միաժամանակ դրա հաջող իրականացման համար կարեւորելով շուկայի եւ օրենսդրության համակողմանի  ուսումասիրությունը: Նա հյուրերին առաջարկել է ծանոթանալ շուկայի պահանջարկին, գործարար հնարավորություններին, եւ այդ համատեքստում առաջարկել է հանդիպել նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ: Ծրագրի  իրագործման դեպքում փոխվարչապետը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել:

Նշենք, որ Ֆիննական «Սամպո Ռոզենլյու» ընկերությունն ունի շուրջ 150 տարվա պատմություն: