ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հրամանով` շարունակվում են ուսումնավարժություններ անցկացվել հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առեւտրի եւ ժամանցի խոշոր կենտրոններում:

Մայիսի 4-ին հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք անցկացվեց Արաբկիր վարչական շրջանում գտնվող՝ հասցե Փափազյան 8, «Ռիո մոլ» առեւտրաժամանցային կենտրոնում`«Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների եւ քաղաքացիների տարահանումը» թեմայով:

ՀՀ ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ ուսումնավարժանքի պլանի մտահղացման՝ հրդեհն առաջացել էր առեւտրաժամանցային կենտրոնի սրահի միջնամասում, միացել էր հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են անձնակազմի եւ հաճախորդների տարհանման, ինչպես նաեւ` հրդեհի մարման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չէր հաջողվել եւ այն տարածվել է ամբողջ սրահով: Ծխապատ գոտում կային արգելափակված մարդիկ:

Դեպքի վայր ժամանելուց հետո հրշեջ-փրկարարների կողմից կատարվում է հետախուզություն, իրականացվում են որոնողափրկարարական, տարահանման եւ հրդեհաշիջման աշխատանքներ: Վարժանքին մասնակցում էին ԱԻՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:

Վարժանքի ընթացքում պարզվեց, որ առեւտրաժամանցային կենտրոնն ունի բավական լավ հակահրդեհային ազդարարման եւ պաշտպանության համակարգ, տարհանման լայն ելքեր ու զինված է ժամանակակից տեխնոլոգիաներով: Այնուհանդերձ, հայտնաբերվեցին նաեւ որոշ թերություններ. մասնավորապես՝ առեւտրի կենտրոնի անձնակազմը բավարար չափով չէր տիրապետում առաջին օգնության տրամադրման եղանակներին ու վարքականոններին: Կենտրոնի անվտանգության աշխտակիցները տեղեկացված չէին, որ հրդեհի դեպքում պետք է դիմավորել եւ ուղորդել հրշեջ մեքենաներին:

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին առեւտրի կենտրոնի ղեկավար կազմի հետ համատեղ աշխատել հայտնաբերված թերությունների շտկման ուղղությամբ:

Ուսումնավարժանքի նպատակն էր ստուգել «Ռիո մոլ» առեւտրի կենտրոնի անձնակազմի եւ արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհաշիջման, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաեւ կատարելագործել «Ռիո մոլ» առեւտրի կենտրոնի անձնակազմի եւ արձագանքող ուժերի համագործակցությունը: