Մայիսի 4-ին հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք անցկացվեց Դավթաշեն վարչական շրջանում գործող «Երեւան Սիթի» առեւտրի կենտրոնում (հասցե՝ Տիգրան Պետրոսյան 25/5)` «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների եւ քաղաքացիների տարահանումը» թեմայով:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վարժանքի նպատակն էր ստուգել առեւտրի կենտրոնի անձնակազմի եւ արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ հրդեհաշիջման, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաեւ՝ կատարելագործել անձնակազմի եւ արձագանքող ուժերի համագործակցությունը:
Համապատասխան ուսումնավարժանքի մտահղացման՝ հրդեհն առաջացել էր առեւտրի կենտրոնի սրահի միջնամասում, առկա է ծխապատ գոտի, որտեղ կան նաեւ արգելափալված մարդիկ:
Դեպքի վայր ժամանած Փրկարար ծառայության ուժերը իրականացրեցին մի շարք օպերատիվ գործողություններ՝ հետախուզում, աշխատակիցների եւ հաճախորդների տարահանում, փրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում:
Ուսումնավարժության ընթացքում ի հայտ եկան մի շարք խնդիրներ՝ կապված հակահրդեհային տարահանման ելքերի եւ սարքավորումների հետ: Մասնավորապես՝
անտեսանելի եւ անհամապատասխան վայրերում էին տեղադրված հրդեհաշիջման համար նախատեսված ծորակները,
հրդեհի ազդարարման համակարգը գտնվում էր նկուղային հարկում,
նկուղի հատվածում բացակայում էր տարահանման երկրորդ ելքը
վթարային լուսարձակումը չէր գործում
անբավարար էր սպասարկող անձնակազմի քանակը
սպասարկող անձնակազմը գործողություն չէր իրականացրել՝ մինչ հրշեջ-փրկարարական ջոկատների ժամանելը
բացակայում էին տարահանման ելքեր ուղղորդող ցուցանակները
անբավարար էր կրակմարիչների քանակը:
Վարժանքի ավարտից հետո ՀՀ ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմն ամփոփեց կատարված աշխատանքները՝ հորդորելով ընկերության աշխատակիցներին լինել մշտապես զգոն եւ արտակարգ դեպքերին հնարավորինս պատրաստված, որի հարցում նախարարությունը պատրաստ է աջակցել: Առեւտրի կենտրոնի ղեկավար կազմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շտկելու առկա թերությունները:




























