HSBC բանկի Կոմիտասի փողոցում գտնվող մասնաճյուղը, որտեղ նախօրեին զինված  հարձակում էր եղել, դեռ մի քանի օր չի աշխատի: Այս մասին հաղորդագրություն է տարածել բանկը:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Ս.թ. մայիսի 3-ին՝ ժամը 14:19-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել  էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանի (այսուհետ՝ Բանկ) Երեւանի Կոմիտաս մասնաճյուղի վրա (հասցե՝ Կոմիտաս պողոտա 3): Ոստիկանության եւ անվտագնության ծառայություն մատուցող ընկերության աշխատողների օպերատիվ գործողությունների արդյունքում հարձակումը կասեցվել է:  Ավազակային հարձակումն իրականացրած անձը բերման է ենթարկվել: Նա բանկի հաճախորդ չի հանդիսանում: 

 Բանկն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում ավազակային հարձակման ժամանակ իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելիս զոհված անվտանգության ծառայություն մատուցող ընկերության աշխատակցի եւ ոստիկանի ընտանիքներին ու հարազատներին: Բանկի աշխատակազմը նաեւ շուտափույթ ապաքինում է մաղթում անվտանգության ծառայություն մատուցող ընկերության՝ վիրավորում ստացած աշխատակցին: Բանկը մեծապես գնահատում է նրանց անձնազոհությունը՝ աշխատակիցների եւ հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար եւ շնորհակալություն է հայտնում նաեւ հոգացավ քաղաքացիներին իրենց օժանդակության համար:

Իրավապահ մարմինները  վերահսկում են իրավիճակը եւ իրականացնում են քննչական գործողություններ: Բանկի աշխատակիցներ եւ հաճախորդներ չեն տուժել: Բանկին եւ հաճախորդներին որեւէ ֆինանսական եւ նյութական վնաս չի հասցվել: Գողացված գումարը վերադարձվել է բանկ:

Կոմիտասի մասնաճյուղը իրադարձություններից ելնելով՝ կվերսկսի հաճախորդների սպասարկումը երկուշաբթի օրվանից՝ մայիսի 7-ից: Բանկի մնացած մասնաճյուղերը գործում են ըստ ստանդարտ աշխատանքային գրաֆիկի»: