Միացյալ Նահանգների նախկին նախագահ 93-ամյա Ջորջ Բուշ ավագին դուրս են գրել հիվանդանոցից, բժիշկները նրա վիճակը գնահատում են լավ։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչ Ջիմ Մակգրետը։

«Նախագահ Ջորջ Բուշ ավագը դուրս է գրվել Հյուստոնի հիվանդանոցից վարակի բուժումից հետո։ Նրա բժիշկները հայտնում են, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է, եւ նա երջանիկ է, որ տուն է վերադարձել»,-նշել  է նա։

Ապրիլի վերջին հայտնել էինք, որ ԱՄՆ նախկին նախագահը հիվանդանոցում է հայտնվել վարակով։ Ավելի ուշ Ջիմ Մակգրետը հաղորդել էր, որ նա իրեն լավ է զգում, սակայն վերակենդանացման բաժանմունքում մոտ մեկ շաբաթ կանցկացնի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։