Ավագ քննիչ Միքայել Զադոյանի եւ փաստաբան Գայանե Գալոյանի մասնակցությամբ 3 հազար դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու գործով դատական նիստը մայիսի 5-ին հետաձգվեց:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանը նիստը սկսելուն պես ընդմիջում հայտարարեց՝ փորձելով ապահովել կալանքի տակ գտնվող ամբաստանյալ Միքայել Զադոյանի ներկայությունը: Նրան անհայտ պատճառներով կալանավայրից դատարան չէին տեղափոխել: Շուրջ 40 րոպե ընդմիջումից հետո Մակյանը նիստը հետաձգեց, քանի որ Զադոյանին այդպես էլ դատարան չտեղափոխեցին:

Ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը որդու օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին եւ բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Գայանե Գալոյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, իսկ Միքայել Զադոյանը՝ Գայանե Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով Բաբկեն Գասպարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: