53-ամյա Մուշեղ Խաչատրյանը կնոջ եւ 5 անչափահաս երեխաների հետ ապրում է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում. արդեն 20 տարուց ավելի է՝ Մուշեղը կույր է, ունի առաջին կարգի հաշմանդամություն, Արցախյան պատերազմի մասնակից է, 1999թ-ին էլ կինը դժբախտ պատահարի արդյունքում հաշմանդամություն ունի:
«Ես 8 երեխաների հայր եմ, մեծս 19 տարեկանում մահացել է՝ խեղդվելով գետում: Մյուս երկու մեծ երեխաներս էլ ամուսնացած: Իմ խնամքին 5 անչափահասներ են, որոնց դեմքերն անգամ չեմ տեսել: Կուրությանս պատճառով երկար տարիներ չեմ կարողանում աշխատել, բայց ծայրը ծայրին միշտ էլ հասցրել ենք: Արժանապատիվ ապրել ենք, ինչպես կարողացել ենք: Սակայն մեր ընտանիքում տեղի ունեցան մի շարք դժբախտություններ՝ մահեր, ու գերեզման սարքելու, մի շարք ծախսեր ծագեցին, որոնք բոլորն ինձ վրա էր ու բազմաթիվ պարտքեր կուտակվեցին, որոնք ինձ ճահիճը տարան»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց Մուշեղը:
Նրա խոսքով, հիմա մոտ 5000-6000 դոլարի պարտք ունի կուտակած, մի մասը վարկի տեսքով, մի մասը՝ անհատներին. «Որ ասեմ՝ սոված են էրեխեքս, չէ, հասցնում ենք, տղաներս էլ ինչ գործ պատահում է, անում են ու օրվա հացը հասցնում ենք, ինձ մեր պարտքերն են շատ նեղում, որոնց լուծումը չեմ գտնում»,- պատմեց ընտանիքի հայրը:
Մուշեղի կինը նույնպես հաշմանդամություն ունի՝ ողնաշարի կոտրվածք, սակայն վերջերս նրան հաշմանդամության կարգից զրկել են: Մուշեղի ընտանիքի ամսական եկամուտը կազմում է մոտ 75 000 դրամ, որով ընտանիքը կարողանում է միայն կոմունալ վճարները վճարել. «Եթե տարբեր դժբախտությունների հետեւանքով գոյացած պարտքերից կարողանամ ազատվել, Աստծո ողորմությամբ տրված մի կտոր հացով էլ կբավարարվենք: Էրեխեքս օգնում են, սոված չենք մնա: Իմ տեսողությունն էլ վերականգնման շանս ունի: Արդեն հինգ անգամ վիրահատվել եմ: Պատասխանները Մոսկվա ենք ուղարկել, ասել են, որ մոտ 600 000 ռուբլով կարող եմ վիրահատվել ու վերականգնել տեսողությունս, բայց ես այս պահին նույնիսկ դրա մասին չեմ էլ մտածում: Այս պահին ինձ ընտանիքիս սոցիալական վիճակն է խեղդում»,-նշեց Մուշեղը:
Մուշեղ Խաչատրյանի ընտանիքին օգնելու համար կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով.09810 71 91





























