ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հրամանով շարունակվում են ուսումնավարժություններ անցկացվել հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առեւտրի եւ ժամանցի խոշոր կենտրոններում:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ուսումնավարժանքի նպատակն էր ստուգել անձնակազմի եւ արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհաշիջման, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաեւ կատարելագործել անձնակազմի եւ արձագանքող ուժերի համագործակցությունը, վեր հանել եւ շտկել արձանագրված թերությունները:

Մայիսի 5-ին հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ անցկացվեցին Երեւան քաղաքի Արշակունյաց 11/1 հասցեում գտնվող «ՍԱՍ» սննդի կենտրոնում եւ Իսահակյան 35 հասցեում գտնվող «ՍԱՍ» առեւտրի կենտրոնում` «Հրդեհի դեպքում հանրային սննդի կենտրոնի աշխատակիցների եւ այցելուների տարհանումը» թեմայով:

Ըստ ուսումնավարժանքի պլանի՝ հրդեհն առաջացումից հետո աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել եւ այն տարածվել է, ծխապատ գոտում կան մարդիկ։

Դեպքի վայր ժամանելուց հետո հրշեջ-փրկարարների կողմից կատարվում է հետախուզություն, իրականացվում են որոնողափրկարարական, տարհանման եւ հրդեհաշիջման աշխատանքներ:

Ուսումնավարժանքին մասնակցում էին ԱԻՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:

Վարժանքի ընթացքում հայտնաբերվել են մի շարք թերություններ, մասնավորապես՝ «ՍԱՍ» սննդի եւ առեւտրի կենտրոնում բացակայում են հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերը։

«ՍԱՍ» առեւտրի եւ սննդի կենտրոնների ցանցի ղեկավար կազմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ԱԻՆ մասնագետների հետ համատեղ սեղմ ժամկետներում շտկել արձանագրված թերությունները: Հակահրդեհային ուսումնավարժանքները «ՍԱՍ» առեւտրի եւ սննդի կենտրոնների ցանցում շարունակվելու են։