Նախօրեին հրապարակված Ազգային հետախուզության ծառայության տնօրենի գրասենյակի զեկույցը ցույց է տալիս, որ վերջին 2 տարիներին, երբ հատուկ ծառայությունները ստացել են հետեւելու նոր համակարգեր, գաղտնալսելու դեպքերի քանակը նկատելիորեն մեծացել է, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը անցյալ տարի հավաքել է ամերիկացիների ավելի քան 534 մլն հեռախոսազրույցներ եւ տեքստային հաղորդագրություններ: Այս թիվն ավելի քան 3 անգամ գերազանցում է 2016 թվականի ցուցանիշները:

Կանոնների համաձայն՝ ԱԱԳ-ն պահպանում է հեռախոսահամարը եւ զանգի կամ տեքստային հաղորդագրությունն ուղարկելու ժամը, բայց ոչ բովանդակությունը:

Ազգային հետախուզության ծառայության տնօրենի գրասենյակից հրաժարվել են պարզաբանել, թե ինչի  հետ է կապված որսված հաղորդագրությունների թվի մեծացումը:

ԱԱԳ ներկայացուցիչն իր հերթին նշել է, որ այս թվերի վրա կարող էին ազդել մի քանի գործոններ, որոնց թվում են պատժամիջոցները, որոնք դատարանները սահմանել են մի քանի անձանց դեմ հետաքննություն անցկացնելու համար, կամ հեռախոսային ընկերությունների եւ բջջային կապի փրովայդերների արխիվները:

Զեկույցում նաեւ նշվում է, որ հետեւելու օբյեկտներ են դարձել մեծ թվով արտասահմանցիներ, որոնք բնակվում են ԱՄՆ սահմաններից դուրս: 2017 թվականին այս թիվը կազմում էր 129 հազար մարդ, ինչը գրեթե 45 տոկոսով ավելի է, քան եղել է վերջին 5 տարում: