Որոշ անձինք, առաջնորդվելով անձնական նեղ շահերով, աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին կոչ են անում միանալ իրենց: Այս մասին կոչ-հորդոր է հրապարակել Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը:

Հայտարարությունում ասվում է.

«Անդրադառնալով ՇՊՀ-ի շուրջ կատարվող իրադարձություններին՝ նշենք, որ անհասկանալի են որոշ մարդկանց կողմից համաժողովրդական շարժման որդեգրած օրակարգից շեղումը եւ կեղծ օրակարգն անձնական նեղ շահերին ծառայեցնելը:

Հայտնի է, որ համաժողովրդական շարժման առաջնորդների հորդորն է եղել աշակերտների եւ ուսանողների վերադարձը դասարաններ ու լսարաններ` վերականգնելով ուսումնական բնականոն գործընթացը:

Մինչդեռ պատեհ առիթն օգտագործող որոշ անձինք, առաջնորդվելով անձնական նեղ շահերով, աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին եւ դասախոսներին կոչ են անում միանալ իրենց:

Ելնելով այս ամենից՝ կոչ ենք անում ՇՊՀ-ի ուսանողներրին եւ դասախոսներին, որ ուսումնական գործընթացին առավել ջանասիրաբար մասնակցելով բարձրացնեն բուհի վարկանիշը` զրկելով պատեհապաշտներին իրենց անձնական նեղ շահերը ակամա բավարարելուց»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 5-ի առավոտից Շիրակի պետհամալսարանի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Ցույցին մասնակցում են ռեկտորի հրամանով բուհից հեռացված դասախոսններ Գագիկ Համբարյանը, Հովհաննես Խորիկյանը, Վարդեւան Գրիգորյանի կողմնակիցներ, ուսանողներ:

Նշենք, որ մի քանի օր առաջ ռեկտորի հրամանով աշխատանքից ազատվել է նաեւ բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է: