Երեւանի քաղաքապետարանի 2018 թվականի շինբարեկարգման ծրագրի շրջանակում առաջիկայում կմեկնարկեն Կոմիտասի անվան զբոսայգու՝ պանթեոնի շարունակությունը կազմող հատվածի վերակառուցման եւ բարեկարգման աշխատանքները:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ 18570 քմ մակերես զբաղեցնող զբոսայգու տարածքում նախատեսվում է իրականացնել մասնավորապես, մուտքի արտաքին տեսքի թարմացման, նոր ճեմուղիների կառուցման, ոռոգման նոր ցանցի անցկացման աշխատանքներ, ինչպես նաեւ ներկառուցել շատրվան, տեղադրել բետոնե ձեւավոր սալիկներ ու եզրաքարեր, տեղակայել բացօթյա զրուցատաղավարներ, նստարաններ ու աղբամաններ, իսկ Արշակունյաց պողոտայի կողմից՝ նաեւ հիմնանորոգել ցանկապատը:
Այգու բարեկարգման եւ վերակառուցման աշխատանքների շրջանակում տարածքում կանցկացվի արտաքին լուսավորության լուսադիոդային նոր ցանց, կգործի հասարակական զուգարան: Զբոսայգին հարմարեցված կլինի նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց եւ մանկասայլակներով զբոսայգի այցելող քաղաքացիների համար: Ըստ այդմ այգու տարբեր հատվածներում կկառուցվեն թեքահարթակներ: Զբոսայգու բարեկարգման եւ վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա երրորդ եռամսյակում, որից հետո հանգստյան այս գոտին կհանձնվի երեւանցիների ու մայրաքաղաքի հյուրերի լիարժեք տնօրինմանը:



























