ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուկյանն ընդունել է Քաթարից եւ Չինաստանից ժամանած գործարարներ «Redco International W.L.L.» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սաիֆ-Ուր-Ռեհման Խանին եւ «PowerChina» միջազգային խմբի նախագահ Սոն Դոնշենին:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աշոտ Մանուկյանը կարեւորել է գործարարների այցը Հայաստան՝ ընդգծելով, որ չինական ընկերությունների հետ արդեն իսկ առկա է արդյունավետ փոխգործակցություն։ Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է մինչեւ 2036թ. Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարությունը եւ համագործակցության զարգացման համատեքստում անդրադարձել, մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումային գրավչություն ունեցող նախագծերին։ Ընդգծելով, որ այդ նախագծերի առաջնային նպատակն արտահանման նպատակով էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների ավելացումն է՝ Աշոտ Մանուկյանը մանրամասներ է ներկայացրել «Երեւանի ՋէԿ»-ի 2 էներգաբլոկի, «Շնող», «Մեղրի» հիդրոէլեկտրակայանների, «Լոռի-Բերդ» ՀԷԿ-երի համալիրի կառուցման ծրագրերի վերաբերյալ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սոն Դոնշենին Աշոտ Մանուկյանին ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը, խոսել ընկերության առաջնահերթությունների մասին, ինչպես նաեւ քննարկել Հայաստանի հետ էներգետիկայի բնագավառում համագործակցության հնարավորությունները:
Նա ընդգծել է, որ աշխարհի ավելի քան 100 երկրում «PowerChina» ընկերությունը գործունեություն է ծավալում նաեւ էներգետիկայի ոլորտում, մասնավորապես՝ մասնագիտացած է հիդրոկայանների, արեւային եւ ջերմային կայանների կառուցման գործում: Ս. Դոնշենին նշել է, որ շահագրգռված են ՀՀ էներգետիկ ոլորտում համագործակցությամբ՝ հաշվի առնելով երկրի ճկուն ներդրումային միջավայրը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի վերազինման եւ արդիականացման արդյունքում արտադրական կարողությունների զարգացման հեռանկարների շուրջ։
Խոսելով տարածաշրջանային ինտեգրման շրջանակում էլեկտրաէներգետիկական համակարգում նախատեսվող նախագծերի մասին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ընթացքի մեջ է Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, եւ ակնկալվում է, որ դրա շնորհիվ զգալիորեն կավելանա Հայաստանից դեպի Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը։ Աշոտ Մանուկյանը կարեւորել է նաեւ Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցումը, որի համակցումը Հայաստան-Իրան բարձրավոլտ գծին հնարավորություն կտա Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի եւ Վրաստանի, ապա նաեւ Ռուսաստանի միջեւ։
Գործարարները շնորհակալություն են հայտնել նախարարի պաշտոնակատարին՝ ոլորտի զարգացման առաջնահերթությունները հանգամանալի ներկայացնելու համար եւ համագործակցության պատրաստակամություն հայտնել:





























