Որքան երկար ձգվի Սահակ Մինասյանի հրաժարականը, այնքան ավելի ենք բարձրաձայնելու նրա կողմից կատարած ապօրինությունները: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, Գյումրիում Շիրակի պետական համալսարանի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց օրեր առաջ բուհից հեռացված պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը: «Դասախոսական կազմի մեծամասնությունը ձեզ հետ է, մեզ միացած են 5 տասնյակից ավելի երիտասարդ դատասխոսներ: Կոչ եմ անում կանգնել ձեր դասախոսների կողքին՝ փրկելու նրանց արժանապատվությունը: Ես համոզված եմ, որ Սահակ Մինասյանը սկսելու է ստորագրահավաք՝ ի պաշտպանություն իրեն: Սիրելի դասախոսներ, ուսանողներ, խնդրում եմ՝ չենթարկվեք ճնշումներին: Միեւնույն է, նա հեռանալու է: Ավելին նա պետք է պատասխանատվության ենթարկվի բուհը թալանելու համար, նա հետ է վերադարձնելու գողոնը»,-ասաց Ֆարմանյանը՝ հավելելով, որ բուհում տոտալ վախի մթնոլորտ է տիրում:
ՇՊՀ-ից հեռացված դասախոս Գագիկ Համբարյանն էլ նշեց, որ ռեկտոր Սահակ Մինասյանը թաստաթղթեր է ներկայացրել, որ գրադարանը ոչնչացել է նախկին ռեկտորի օրոք. «Սա ինչ է, եթե ոչ կոռուպցիոն երեւույթ, ում էր խանգարել գրադարանը: Սահակ Մինասյանը 1,5 մլն դրամ նախատեսել է տրամադրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, որի ղեկավարը ՀՀԿ-ական պատգամավոր 45-ամյա երիտասարդ Կարեն Ավագյանն է: Ո՞ւմ հաշվին է նա լավամարդ եղել ՀՀԿ-ին»,-ասաց նա:
Համբարյանը նշեց, որ ռեկտորը հայտարարում է, թե կուսակցական չէ։ «Էսօր հայտարարել է, թե Սասուն Միքայելյանի ընկերն է, և Սասուն Միքայելյանն էլ մեզ պատժելու է։ Տարրական ամոթ ունեցեք, պարոն Մինասյան: Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի ձերբակալության օրը իր ֆան ակումբի հետ նա տոնել է այդ հաղթանակը»:
Նա տեղեկացրեց, որ ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը հիմա էլ ստորագրահավաք է սկսել, որ ներկայացնի Նիկոլ Փաշինյանինի, որ համաձայն են, որ ինքը շարունակի իր աշխատանքը բուհի ռեկտորի պաշտոնում:
Գագիկ Համբարյանը դիմեց Շիրակի մարզի ոստիկանապետին՝ նշելով, որ ժամանակն է, որ ոստիկանությունը զբաղվի Սահակ Մինասյանով:
Դրանից հետո բուհից հեռացված դասախոս Հովհաննես Խորիկյանը ուսանողներին կոչ արեց մտնել բուհ և մյուս ուսանողներին միանալու կոչ անել։ Ուսանողները մտան համալսարանի շենք եւ կոչ էին անում միանալ իրենց, թեեւ լսարանների մեծ մասը դատարկ էր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 5-ի առավոտից Շիրակի պետհամալսարանի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Ցույցին մասնակցում են ռեկտորի հրամանով բուհից հեռացված դասախոսններ Գագիկ Համբարյանը, Հովհաննես Խորիկյանը, Վարդեւան Գրիգորյանի կողմնակիցներ, ուսանողներ:
Նշենք, որ մի քանի օր առաջ ռեկտորի հրամանով աշխատանքից ազատվել է նաեւ բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է:




























