ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Հայաստան ժամանած Շեյխ Համադ Ջասիմ Բին Ջաբեր Ալ-Թանի անձնական գրասենյակի պատվիրակությանը` գործարար Սաիֆ-ուր-Ռեհման Խանի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էր նաեւ գործընկեր կազմակերպության` «Power of China»-ի նախագահ Սոն Դոնգշենգը։

Կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» եւ ճանապարհաշինական այլ նախագծերի իրականացման ընթացքում հնարավոր համագործակցության ուղիները։

Օգտվելով այն փաստից, որ «Power of China» կազմակերպության ղեկավարը եւս ներկա է, Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում ընթացող շինարարական աշխատանքներին։ Այն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը, որն ընդգրկված է «Power of China» կազմակերպության կազմում։

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ վերոնշյալ հատվածներում դեռեւս աշխատանքների մեկնարկից թե՛ ժամկետների, թե՛ որակի լուրջ խախտումներ էին արձանագրվել։

Նա նշեց նաեւ, որ բազմիցս խոսել է այդ մասին «Սինոհիդրո»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարների, «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության փոխնախագահի հետ, արդյունքում բավական թերացումներ շտկվել են, բայց աշխատանքի կազմակերպման ձեւը դեռեւս գոհացուցիչ չէ։

Հայաստանում ընկերությունը ներկայացնող ղեկավարությունը դժվարանում է միջազգային նախագծի չափանիշներին համապատասխան աշխատանք կատարել, այդ թվում նաեւ` փաստաթղթային ձեւակերպումների առումով։

«Power of China» կազմակերպության նախագահը լսեց մտահոգությունները եւ խոստացավ անդրադառնալ բարձրացված բոլոր խնդիրներին։ Նա ասաց, որ իրենք մեծապես շահագրգռված են այս ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնել։

Վահան Մարտիրոսյանն էլ իր հերթին նշեց, որ Հյուսիս-հարավ միջանցքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի եւ չափազանց կարեւոր է այն օր առաջ եւ որակով իրագործել։