Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր՝ մայիսի 7-ին, facebook-ի իր էջում ներկայացրել է 2017-2018 թվականներին էներգետիկայի ոլորտում իրականացված բարեփոխումների ամփոփ պատկերը:
Նա, մասնավորապես, նշել է, որ մինչեւ 500 կվտ հզորությամբ 314 արեւային կայան միացված է էլեկտրական ցանցին, իսկ 85-ը միացման փուլում են, սկսվել է 76 մվտ Շնող հիդրոէլեկտրակայանի կառուցման ծրագիրը, Գեղարքունիքի մարզի Մասրիկի տեղանքում «Մասրիկ-1» արդյունաբերական մասշտաբի արեւային ֆոտովոլտային կայանի կառուցում՝ շուրջ 55 ՄՎՏ պիկային հզորությամբ եւ տարածաշրջանում ու Եվրոպայում ամենացածր սակագնով՝ 4.19 ԱՄՆ դոլար ցենտ:
Կարեն Կարապետյանը նշել է նաեւ, որ նվազեցվել է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները եւ արտոնյալ սակագներ են սահմանվել անապահով խավի եւ արդյունաբերական վերամշակող ճյուղի համար:
Նրա խոսքով, սկսվել է էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման գործընթացը, ստեղծվել է արեւային վահանակների հայրենական արտադրություն:
«Մեկնարկել է աշխարհում իր մեծությամբ 10-րդ մարտկոցային էլեկտրակուտակիչ կայանի ծրագիրը: 4 համակարգային արեւային կայան միացված են ցանցին, 7-ը գտնվում են շինարարության փուլում եւ կավարտվեն այս տարի: Սկսվել է 2 խոշոր ներդրումային ծրագիր քամու էներգետիկայի ոլորտում՝ մոտ 250 ՄՎՏ հզորությամբ: Միայն պետական ծրագրերով չգազաֆիկացված համայնքներում մոտ 600 ընտանիք արդեն օգտվում է արեւային էներգետիկայից»,- գրել է Կարապետյանը:





























