Հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Հովհանես Բ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի, Արմեն Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Արարատ Ղ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Hyundai Elantra»-ն բախվել է բետոնե հենասյանը, կոտրել ու շպրտել այն, ապա՝ ճանապարհային երթևեկության համար նախատեսված ցուցանակին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել «Hyundai Elantra»-ի վարորդին և ուղևորներին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, քաղաքացիների հետ միասին ուղղել «Hyundai Elantra»-ն և լվացել ճանապարհը։