Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կատարյալ չէ։ Ակնհայտ է, որ կան հումանիտար հարցեր, որոնք դեռ սպասում են իրենց լուծմանը։ Այս մասին Թուրքմենստանում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նա, մասնավորապես, նշել է. «Նկատի ունեմ անհայտ կորածների ճակատագրերի պարզման, ականազերծման և կալանքի տակ գտնվող անձանց հետ կապված հարցերը։
Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով։ Սակայն այդ երևույթները, նույնիսկ եթե հարցեր են բարձրացնում, այլևս կասկածի տակ չեն դնում կայուն խաղաղության գոյության փաստը։
Պարզապես պետք է հասկանալ, որ ավելի քան 30 տարի տևած հակամարտությունը հնարավոր չէ մեկ ակնթարթում անջատել անջատիչի մեկ շարժումով։ Դրա համար ժամանակ և հետևողականություն կպահանջվեն։
Եղել են բազմաթիվ զոհեր, տառապանքներ, թշնամանք, վեճեր և համոզմունք, որ հակամարտության այսքան տարիներից հետո Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ համակեցությունն այլևս անհնար է։
Եթե հարցին նայենք այս տեսանկյունից, ապա Ադրբեջանի նախագահի հետ և մեր միջազգային գործընկերների աջակցությամբ մենք հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին, պահպանել այն, որովհետև այդ ձեռքբերումն առաջին հերթին ծառայում է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին, Հայաստանի և Ադրբեջանի անկախության ամրապնդմանը, Հայաստանի և Ադրբեջանի ապագա սերունդներին, որոնք պատմական հնարավորություն են ստացել ոչ միայն խաղաղ համակեցության, այլև համագործակցության և բարիդրացիության համար՝ հիմնվելով ընդհանուր շահերի վրա։
Հենց Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա վերածնունդը ստեղծեցին այդ պատմական հնարավորությունը կամ, ավելի ճիշտ՝ պատմական իրականությունը, և մեզ պարզապես անհրաժեշտ է հենվել այդ իրականության վրա՝ հայացքն ուղղելով դեպի ապագա, որտեղ կողմերն առանց վերապահումների ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը, և կողմերն այսօր ու ընդմիշտ միմյանց նկատմամբ չունեն որևէ բացահայտ կամ քողարկված տարածքային պահանջ։
Պետությունների հարգելի ղեկավարներ, հենց այսպիսի ռազմավարություն է ընտրել Հայաստանի Հանրապետությունը։ Եվ շատ կարևոր է ընդգծել, որ Վաշինգտոնի հռչակագրում մենք ընդունեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման և վերջնական վավերացմանն ուղղված ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը և ընդգծեցինք մեր երկու երկրների միջև խաղաղության պահպանման և ամրապնդման կարևորությունը:
Մենք առաջ ենք շարժվում այս ճանապարհով, և ես հույս ունեմ ու վստահ եմ, որ համատեղ համագործակցելով՝ մենք կհասնենք մեր վերջնական նպատակին՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը»։





























