Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով շարքից դուրս են եկել «Յանդեքս»-ի երկու տվյալների կենտրոններ. Ռյազանի մարզի Սասովոյի օբյեկտն ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը, Կալուգայոի կենտրոնը մասամբ վնասվել է, հայտնել են ընկերությունից։ «Տվյալների կենտրոնները «Յանդեքս»-ի «երկաթե սիրտն» են։ Դրանց աշխատունակությունը կրիտիկական է սերվիսների համար, որոնք դարձել են մարդկանց առօրյա կյանքի մի մասը։ Մենք շարունակում ենք գնահատել ենթակառուցվածքի վիճակը. առայժմ տվյալների կենտրոններում սարքավորումների աշխատանքի վերականգնման ժամկետներ նշելը շատ դժվար է», — նշվել է ընկերության հայտարարության մեջ։
Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈւ) հոկտեմբերի 8-ի գիշերը գրոհել են Սասովոյի կենտրոնը, մեկ օր անց՝ Կալուգայի։ Գրոհների հետևանքով օբյեկտներում հրդեհներ են տեղի ունեցել, սակայն աշխատակիցները չեն տուժել։ Դրանից հետո ինտերնետի ռուսական հատվածում տեղի է ունեցել խոշորածավալ խափանում, որն ազդել է խոշոր բանկերի ծառայությունների, ՌԵՈւ-ի կայքերի, պետական լրատվամիջոցների, մթերային ռիթեյլերների և էլեկտրոնիկա վաճառողների վրա։ «Յանդեքս»-ի սերվիսների մի մասն էլ աշխատել է ընդհատումներով։ Ընդհանուր առմամբ, ընկերությունն ունի հինգ տվյալների կենտրոն։ Դրանցից չորսը գտնվում է Ռուսաստանի տարածքում՝ Սասովոյում, Կալուգայում, Միտիշչիում և Վլադիմիրում, իսկ մեկը՝ Ֆինլանդիայում։ Վերջինի էլեկտրականությունը պատժամիջոցների պատճառով անջատել են։
Ուկրաինական բանակը սկսել է հարվածել «Յանդեքս»-ի օբյեկտներին այն բանից հետո, երբ ռուսական բանակը սեպտեմբերի վերջին հարձակվել էր Կիևում գտնվող «Դատագրուպ» տվյալների կենտրոնի վրա։ ՌԴ պաշտպանության նախարարությունում պնդում են, որ այն «ապահովում էր հետախուզական տվյալների մշակումը և փոխանցումը ՈւԶՈւ շահերից ելնելով»։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը համաչափ կպատասխանի ռուսական գնդակոծություններին։
Ռուսաստանում վտանգի տակ կարող են հայտնվել ցանկացած տեխնոլոգիական հանգույցներ, սակայն երկրին համատարած թվային բլեքաուտ չի սպառնում, նշել է «Մեդուզայի» հետ զրույցում RKS.global կազմակերպության փորձագետ Սարգիս Դարբինյանը։ Նրա խոսքով՝ ժամանակակից IT-ընկերությունների ենթակառուցվածքը բաշխված է ամբողջ երկրով մեկ, ուստի սարքավորումների շարքից դուրս գալու դեպքում թրաֆիքն ու հաճախորդներն ավտոմատ կերպով վերահասցեավորվում են պահուստային հզորություններին։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանում կա մոտ 200 տվյալների կենտրոն, և դրանք բոլորը շարքից հանելը չափազանց հավակնոտ խնդիր է, ընդգծել է Դարբինյանը։ Միևնույն ժամանակ, փորձագետը հնարավոր է համարել հետագա կետային հարձակումները «Ռոստելեկոմ»-ի, «Սբեր»-ի, VK-ի և Selectel-ի տարածաշրջանային հարթակների վրա։





























