Հոկտեմբերի 9-ին Չեռնոգորիայի ոստիկանությունը Ռիսանում ձերբակալել է ռուսական պատերազմամետ «Ռիբար» մեդիա-նախագծի հիմնադիր Միխայիլ Զվինչուկին և նրա չորս գործընկերներին, այդ թվում կնոջը՝ Վալերիային, հայտնել է Vijesti-ն՝ հղում կատարելով ուժային կառույցներում ունեցած իր աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ գործողությունն իրականացվել է Ազգային անվտանգության գործակալության հետ համագործակցությամբ և ուղղված է եղել ցանցի հիբրիդային գործունեությունը կասեցնելուն։ Pobjeda պարբերականը Զվինչուկին անվանել է ԳՀՎ գնդապետ։
«Ռիբարի» հիմնադրին և մյուսներին տեղափոխել են Կոտորի ոստիկանության վարչություն՝ հարցաքննության, հայտնել է Shot-ը։ Նրա տվյալներով՝ բոլոր հինգ հոգուն ձերբակալել են հյուրանոցում, իսկ «նկարահանող խմբի համարում հայտնաբերվել են դրոններ և այլ թվային սարքավորումներ»։ Baza-ն գրել է, որ Զվինչուկի և նրա կնոջ հարցաքննությունը կատարվում է Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում․ նրանցից առգրավել են հեռախոսներն ու փաստաթղթերը։ Ալիքի տեղեկացմամբ՝ տեղի ուժայինները քրեական գործ են հարուցել ազգային անվտանգության սպառնալիքի հոդվածով։ Պարբերականը պնդում է, որ «Ռիբարի» աշխատակիցները Չեռնոգորիայի եվրաինտեգրման մասին վավերագրական ֆիլմ էին նկարահանում։ Խոսքը վերաբերում է Վլադիմիր Սոլովյովի համար արված հատուկ նախագծին։ Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտնել են, որ դեսպանատունը պարզում է ձերբակալության հանգամանքները։
UPD. «Ռիբարի» ալիքում հայտարարել են, որ Զվինչուկը և նրա թիմը գտնվել են Չեռնոգորիայի տարածքում «օրինական և պաշտոնապես»՝ ծրագրելով նկարահանել Ցետինի վանքը, ինչի համար ավելի վաղ պաշտոնական հարցում էր ներկայացվել։ Ձերբակալվածները կապի մեջ են Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ։
Զվինչուկը ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության նախկին աշխատակից է։ 2024 թվականին ԱՄՆ պետդեպարտամենտը մեղադրել է «Ռիբար» նախագծին ամերիկյան ընտրություններին միջամտելու, միջկուսակցական և ռասայական թշնամանք հրահրելու մեջ և 10 մլն դոլար պարգևավճար նշանակել նրա աշխատակիցների մասին տեղեկության համար։
Բացի այդ, Զվինչուկը գտնվում է Եվրամիության և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ։ Արևմուտքում նրա նախագիծը կապում են Կրեմլի քարոզչության տարածման և արտերկրում տեղեկատվական ազդեցության արշավների հետ։ «Ռիբարի» հիմնական գործունեությունը կենտրոնացած է համանուն թելեգրամ-ալիքում, որն ունի ավելի քան 1,5 մլն բաժանորդ։
Բրիտանիան նշել է, որ ցանցը մասամբ համակարգվում է Վլադիմիր Պուտինի վարչակազմի կողմից, ֆինանսավորում է ստանում «Ռոստեխ» պետական կորպորացիայից և համագործակցում է ռուսական հատուկ ծառայությունների հետ։ Լոնդոնը Զվինչուկին մեղադրում է Ուկրաինայի ապակայունացման և նրա տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը սպառնացող գործողություններին աջակցելու մեջ։ ԵՄ հիմնավորման մեջ ասվում է, որ քարոզիչը մտնում է ՌԴ նախագահի ստեղծած աշխատանքային խմբի կազմի մեջ՝ Ուկրաինայի դեմ պատերազմի հետ կապված մոբիլիզացիոն ջանքերը համակարգելու համար։
Ավելի վաղ ոստիկանությունը Չեխիայում ձերբակալել էր «Ռիբարի» նկարահանող խմբին։ «Известия»-ի աշխատակիցներ Միխայիլ Չաշչուխինը և Իգոր Դոլմատովը ժամանել էին Պրահա՝ z-ալիքի եվրոպական ստորաբաժանման համար ֆիլմ նկարահանելու, սակայն արտաքսվել էին երկրից։ Ինչպես պարզել է «Важные истории»-ն, երկու քարոզիչներն էլ արդեն մոտ տասը տարի օրինական բնակվում են Բեռլինում և ազատ տեղաշարժվում Եվրոպայում, չնայած այն բանին, որ «Известия»-ն և «Ռիբար»-ը գտնվում են պատժամիջոցների տակ։





























