Այսքան ուրախություն ու ժպիտներ Հայաստանում երկար ժամանակ չի եղել: Դրա պատճառը մեկն է. հայ հասարակությունն իր առջեւ նպատակ էր դրել եւ երիտասարդների ակտիվ մասնակցության շնորհիվ հասել էր դրան: Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում ՀՀ Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը:

Նրա համոզմամբ՝ հիանալի իրադարձություն է տեղի ունեցել, որը հնարավորություն է ստեղծել լուծել տարիների ընթացքում բոլոր ոլորտներում կուտակված բազմաթիվ խնդիրները: Հայաստանում, ըստ տնտեսագետի, դեռեւս ձեւավորված կառավարություն չկա, եւ իշխանությունը, ըստ էության, պատկանում է ժողովրդին: Կառավարության ձեւավորումը չափազանց բարդ գործընթաց է, եւ դրա համար ժամանակ է անհրաժեշտ: