Կադրային փոփոխությունների առումով ՀՀԿ-ի բոլոր կասկածները դեռեւս փարատված չեն։ Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոստով Հարությունյանը:

Նա շեշտեց միայն, որ Դավիթ Տոնոյանի  նկատմամբ ինքը վստահություն ունի. «Նա տարիներ շարունակ համակարգում է եղել, եւ փոխնախարար է եղել, ՆԱՏՕ–ում ներկայացրել է մեր կառավարությանը, նրա փորձառությունը վստահություն ներշնչում է»։

Նկատառմանը, որ ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ պատգամավորը հետաքրքրվում էր կադրային փոփոխություններով, Խոսրով  Հարությունյանը հայտնեց, որ դեռ փարատված չեն նրա կասկածները. «Ես հարցուպատասխանի ժամանակ հստակ ասել եմ, որ իմ մոտ տպավորություն կա, որ այն խնդիրները, որոնք դրված են վարչապետի առաջ, Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում։ Եվ սա օբյեկտիվ է, քանի որ մարդը երբեւէ պետական կառավարման համակարգում չի աշխատել, նա երբեք առօրեական շփումներ այդ խնդիրների լուծման հետ չի ունեցել, այս պարագայում էական է, թե այդ փորձառության պակասը կամ գիտելիքները ինչպես պետք է փոխհատուցվի, նման դեպքերում դա փոխհատուցվում է կաբինետի միջոցով, եւ այդ տեսանկյունից էր ինձ հետաքրքրում, խոսքը հետաքրքրասիրության մասին չէ։  Տոնոյանը վստահություն է ներշնչում, իսկ Օսիպյան Վալերիին ես չեմ ճանաչում, ուղղակի տեսնում եմ նրա շփումները զանգվածային միջոցառումների ժամանակ, շատ վստահելի անձնավորություն է։ Մնացածն էլ եթե լինեն փորձառու, վստահություն ներշնչող, կարող եք մի րոպե անգամ չկասկածել»,–եզրափակել է նա։