Քիչ առաջ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եգեղնաձորի բաժնի ձերբակալվածների պահման վայրից ոստիկանության քննչական գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժին են տեղափոխել կեղծ թղթադրամներ շրջանառության մեջ դրած երեք ձերբակալվածներին: Նրանք են Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վարդան Ռադիկի Բաղդասարյանը, Երեւանի Լենինգրադյան-16, 31 բնակարանի բնակիչ 45-ամյա Վարուժան Ասլանյանն ու Ռուբինյան 2/3 շենքի 57 բնակարանի  բնակիչ, 28-ամյա Էդգար Ռուբենի Մելքոնյանը: 

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ոստիկանության Եղեգնաձորի քննչական բաժնում փորձարարական աշխատանքներ են սկսվել, մասնավորապես, առերեսում է կատարվելու նշված անձանց հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեք երիտասարդներին ձերբակալել էին հունվարի 16-ին: Արենի գյուղի բնակիչ 36-ամյա Հայկանդուխտ Արտաշեսի Խաչատրյանը, ով աշխատում է «Արփա-1» ՍՊԸ-ում որպես վաճառողուհի, ոստիկանության Եղեգնաձորի բաժանմունքում հայտնել էր, որ գիշերը «Ինֆինիթի» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայի վարորդն ու 2 ուղեւորներ իր մոտից գնումներ են կատարել եւ իրեն վճարել 10,000 դրամանոց կեղծ թղթադրամ:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Վայոց ձորի մարզային վարչության եւ Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները նույն օրը նշված ավտոմեքենան հայտնաբերել են Արփի գյուղից դուրս գալիս: Մեքենայից հայտնաբերել են 180 հազար դրամի կեղծ 5000 դրամանոցներ, 22 հատ կեղծ 1000 դրամանոցներ, 2 հատ կեղծ 10000 դրամանոցներ: Այդ գումարները «սաղացնելու» նպատակով նրանք շրջել են գյուղերում եւ ուտելիք, բեզնին եւ այլ ապրանքներ գնել:

Բենզալցակայանի աշխատակիցները Գագիկ Շամշյանին հայտնել են, որ երբ ոստիկանությունը նախօրեին բերման է ենթարկել երիտասարդներին, նրանք բորբոքվել են եւ խոստացել բողոքել մարդու իրավունքների պաշտպանին, սակայն երբ հայտնաբերվել են կեղծ գումարները, լռել են:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի Եղեգնաձորի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 202 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Քննչական գործողություններից հետո քննչական մարմինն այսօր դիմելու է Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ վերոնշյալ երեք անձանց նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ «Ինֆինիթի» մեքենայի վրա եղել է ժամանակավոր համարանիշ՝ 3640-10:

 

   Վարդան Բաղդասարյան

 

   Վարուժան Ասլանյան

 

    Էդգար Մելքոնյան

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի