Քաղաքական դաշտում ներկայումս ընթացող խմորումները կարող են լինել ինքնաբուխ եւ նաեւ իշխանությունների կողմից ծրագրված։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։ Նա նշեց, որ ընտրություններին նախորդող շրջանում նման պրոցեսները բնական են, քանի որ իշխանությունները, որպես կանոն, փորձում են քաղաքական նոր պրոյեկտներ ձեւավորել՝ ընդդիմության ձայները փախցնելու համար։
«Այս արատավոր պրակտիկան միշտ էլ կիրառվել է։ Ուստի՝ ընդդիմության խնդիրը ընտրողներին ճիշտ պատկերը ներկայացնել կարողանալն է, թե ով է իրականում ընդդիմությունը եւ ով է վերահսկելի իշխանությունների կողմից»,-հայտարարեց Խուրշուդյանը։
NEWS.am-ի հարցին, թե իշխանություններն ունե՞ն բավարար հասարակական ռեսուրս հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելու համար, բանախոսն արձագանքեց. «Իշխանություններն ունեն բավականաչափ ռեսուրսներ՝ վարչական, ֆինանսական, եւ ամենաիդեալական օրենսգրքի դեպքում անգամ դժվար է վերահսկել այդ ռուսուրսների կիրառումը։ Սակայն այլ է հասարակական աջակցության իրական տոկոսը»։
Ըստ Խուրշուդյանի՝ ամեն օր հասարակության դատին են ներկայացվում սոցհարցումներ՝ իշխանությունների հասարակական աջակցության մասին, սակայն ներկայացվող թվերը կապ չունեն իրականության հետ։ Նա առաջարկեց իշխանություններին «շուտ-շուտ կրկնել այդ թվերը, որ չմոռանան»։ «Իշխանությունները կիրառում են գեբելսյան մարտավարություն եւ անընդհատ կրկնելով այդ թվերը՝ փորձում են մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե վերջ, ընդդիմությունն այլեւս անհույս վիճակում է եւ որեւէ շանս չունի գալ իշխանության եւ ըստ այդմ էլ խորհրդարանի տեղերը բաշխել իշխանական քաղաքական ուժերի միջեւ»,-հայտարարեց բանախոսը։ Մինչդեռ, նրա խոսքով, հասարակության հետ ամենատարրական շփումները ցույց են տալիս, որ իշխանությունները հասարակության մեծամասնության մոտ վստահություն չունեն։





























