Մալայզիայի իշխանությունները նախկին վարչապետ Նաջիբ Ռազակին արգելել են երկրից հեռանալ, հայտնում է մալայզիական The Star պարբերականի էլեկտրոնային տարբերակը՝ վկայակոչելով Ներգաղթի հարցերով դեպարտամենտին:

Պարբերականի տեղեկություններով՝ շաբաթ դեպարտամենտը Նաջիբ Ռազակին եւ նրա կնոջը՝ Ռոսմա Մանսուրին մտցրել է «սեւ ցուցակի» մեջ, հիմա նրանք չեն կարող երկիրը լքել: Որոշումը  հրապարակվել է այն բանից մի քանի րոպե հետո, երբ երկրի նախկին վարչապետը Facebook-ում գրել է, որ շաբաթ ընտանիքի հետ մի քանի շաբաթով արձակուրդ է մեկնում արտասահման:

«Ինձ հայտնեցին, որ Մալայզիայի Ներգաղթի հարցերով դեպարտամենտը ինձ եւ ընտանիքիս թույլ չի տալիս արտասահման մեկնել: Ես ղեկավարությանը հարգում եմ եւ ընտանիքիս հետ երկրում կմնամ»,- գերատեսչության որոշումն իր Twitter-ում մեկնաբանել է Ռազակը:

Մայիսի 9-ին Մալայզիայում անցկացված համընդհանուր ընտրություններում ընդդիմադիր կոալիցիան՝ Մահթհիր Մոհամմադի ղեկավարությամբ, որը երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1981-ից 2003 թվականներին, անսպասելի հաղթել է՝ խորհրդարանում պարզ մեծամասնություն ստանալով եւ այս կերպ երկրի հետգաղութային պատմության առաջին անգամ իշխանությունը հետ է վերցրել «Ազգային ճակատ» կոալիցիայից:

Ռազակը հաստատել է ընտրություններում իր պարտությունը եւ հայտարարել, որ «ընդունում է ժողովրդի ընտրությունը»:

Մալայզիայում միապետությունը արարողակարգային դերակատարում ունի, սակայն երկրի սահմանադրությամբ մի շարք իրավիճակներ են նախատեսված, որոնց դեպքում գահակալող թագավորը այս կամ այն որոշումը կարող է հաստատել կամ չհաստատել: Մալայզիայում գահը հերթագայությամբ զբաղեցնում են սուլթանատների ղեկավարները, որոնցից երկիրը բաղկացած է: