Ռուսաստանցի զինվորականները հերքել են արեւմտյան լրատվամիջոցների տեղեկությունը ամերիկյան կործանիչների կողմից ռուսական ռազմավարական հրթիռակիր եւ հականավային օդանավերը որսալու մասին, որոնք ծրագրային թռիչքներ էին կատարում Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի, Բերինգի եւ Օխոտի ծովերի չեզոք ջրերում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Երթուղու առանձին հատվածում, 100 մետրից ավելի չմոտենալով, Ռուսաստանի ՕՏՈՒ օդանավերին, որոնք թռիչք էին իրականացնում պարեկման երթուղով, 40 րոպե ուղեկցել են ԱՄՆ ՌՕՈՒ F-22 երկու կործանիչ»,- ասել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ ՕՏՈՒ Տու-95ՄՍ ռազմավարական հրթիռակիրները եւ ՌԴ ՌԾՈՒ Տու-142 հականավային օդանավերը հաջողությամբ ծրագրային թռիչք են իրականացրել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի, Բերինգի եւ Օխոտի ծովերի չեզոք ջրատարածքում: Օդանավերին թռիչքի ժամանակ ուղեկցել են Ռուսաստանի ՕՏՈՒ ՄիԳ-31 եւ Սու-35 կործանիչները:

Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ ՌՕՈՒ օդանավերը օդ են բարձրացել Ալյասկայից արեւմուտք ռուսական երկու Տու-95 ռազմավարական ռմբակոծիչներին ուղեկցելու համար: Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ տեղի ունեցածը «որսում» էին անվանել:

ԱՄՆ ՌՕՈՒ կործանիչներն օդ են բարձրացել Ալյասկայի ափերի մոտ ռուսական Տու-95-ը որսալու համար