Երեւանի Էրեբունի համայնքում ապրիլի 22-ին դիմակավորված անձանց կողմից ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում որեւէ անձի նկատմամբ դեռեւս քրեական հետապնդում չի հարուցվել:

NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է. «Ապրիլի 22-ին Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում: Նշված քրեական գործի շրջանակում, առ 11.05.2018թ., որեւէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու եւ դեպքին առնչություն ունեցող անձանց արարքներին անհրաժեշտ քրեաիրավական գնահատականներ տալու համար»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2018թ.-ի ապրիլի 22-ին Երեւանի Էրեբունի փողոցում դիմակավորված, քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են երթի մասնակիցների վրա։ Այդ անձինք բժշկական դիմակներով են եղել, որոշների ձեռքին փայտե մահակներ ու քարեր են եղել: Նրանք հարվածներ են հասցրել ցուցարարներին, վնասել մեքենաներ: