2007 թվականի հունվարին Ստամբուլում սպանված պոլսահայ հայտնի լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի ծննդյան 55-ամյակի կապակցությամբ Հրանտ Դինքի Միջազգային հիմնադրամը երեկո էր կազմակերպել եւ մրցանակներ հանձնել լրագրող Ալփեր Գյորմուշին եւ հրեա լրագրող Ամիրա Հասսին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Bianet կայքէջը։
Սեպտեմբերի 15-ին՝ Հրանտ Դինքի ծննդյան 55-ամյակի կապակցությամբ, Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամը կազմակերպել էր երեկո՝ Ստամբուլի Ռեշիդ Ռեյ համերգասրահում, որին մասնակցել են Հրանտ Դինքի ընտանիքի անդամները, գործընկերները, մարդու իրավունքի պաշտպաններ։ Շուրջ 500 մասնակիցների թվում էին՝ Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշը, Թուրքիայի խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Զաֆեր Ուսքուլը, քրդական «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցության պատգամավոր Աքըն Բիրդալը, պատգամավոր Ուֆաք Ուրասը, Թուրքիայում ԵՄ-ի ներկայացուցիչներ եւ մի շարք այլ հայտնի մարդիկ։
Մասնակիցների ծափահարություններին արժանացան «Եղբայր թուրքեր» խմբի եւ Արտո Թունջբոյաջյանի հայերեն, թուրքերեն, արաբերեն եւ քրդերեն երաժշտական կատարումները։
Այս տարի Հրանտ Դինքի անվան մրցանակը հանձնողների կոմիտեի անդամներն էին կոմիտեի նախագահ Ալի Բայրամօղլին, Հրանտ Դինքի Միջազգային հիմնադրամի նախագահ Ռաքել Դինքը, Էթյեն Մահչուփյանը եւ այլն։




























