Գործող օկուպացիոն ռեժիմից ձերբազատվելու միակ տարբերակը ոչ թե ընտրություններն են, այլ ժողովրդի կամքի պարտադրումը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի հատուկ գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը։ Նա նշեց, որ եթե ժողովուրդը դուրս գա փողոց եւ օրեր շարունակ պարտադրի իշխանություններին հրաժարական տալ, ապա իշխանությունը տեղի կտա։
«Ժողովրդին փողոց դուրս բերելը պետք է զուգակցվի քաղաքացիական անհնազանդությամբ»,-նշեց Սեֆիլյանը՝ հավելելով, որ եթե իշխանությունները դիմեն բռնի ուժի, ապա ժողովուրդը պետք է լինի համարժեք։ «Եթե իշխանությունը մեկ անգամ եւս համարձակվի բռնի ուժ կիրառել ժողովրդի հանդեպ, այս անգամ ժողովուրդը պետք է բռնի ուժին պատասխանի բռնի ուժով, եւ այսպիսով վերջակետը կդնենք»,-նշեց նախկին ազատամարտիկը։
Նա միաժամանակ բացառեց նման սցենարի դեպքում քաղաքացիական պատերազմի հավանականությունը։ «Մեր երկրում քաղաքացիական պատերազմ հնարավոր չէ։ Մեր երկրի կեղեքիչները մի քանի տասնյակ ընտանիք են։ Բանակը,ներքին զորքերը, մեծամասնությունը ժողովրդի հետ են»,-նշեց նա։
Ըստ Սեֆիլյանի՝ մարտի 1-ի դեպքերի ժամանակ զորամասերի 50 տոկոսից ավելիի զինվորները փախել էին տուն։ «Ով կարծում է, որ բանակը կարող է հարձակվել ժողովրդի վրա, թող մտքից հանի այդ միտքը։ Բանակը մարտի 1-ին եկավ եւ կանգնեց ժողովրդից կիլոմետրով հեռու։ Նրանք չհամարձակվեցին բանակը մոտեցնել ժողովրդին, քանի որ այդ դեպքում բանակը կմիանար ժողովրդին»,-հայտարարեց բանախոսը:




























