Հայաստանում, ինչպես նաեւ Թունիսում, իշխանությունների եւ ըննդիմության՝ միմյանց չհասկանալու եւ չհամագործակցելու խնդիր կա։ Հունվարի 20-ին հրավիրված կլոր սեղանի ժամանակ նման դիտարկում արեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

«Համագործակցություն՝ դեռ չի նշանակում տեսակետների ստորադասում։ Բայց,  դատելով Թունիսում կատարված իրադարձություններից, այդ երկրում համագործակցությունը չստացվեց, ինչն էլ ունեցավ իր ցավալի հետեւանքները։ Այդ երկրի ընդդիմությունը չցանկացավ ընդունել խորհրդարանի նախագահի հրավերը եւ Թունիսի իշխանութան մաս կազմել։ Նույն՝ իշխանությունների եւ ընդդիմության՝ իրար չհասկանալու խնդիրը կա նաեւ Հայաստանում»,- ասաց Կիրակոսյանը՝ հայաստանյան ուժերի համագործակցության պակասի արդյունք համարելով, օրինակ, մարտիմեկյան դեպքերի՝ մինչ օրս լուծված չլինելու հանգամանքը, ինչպես նաեւ այդ իրադարձություններից հետո 9 քաղբանտարկյալներ ունենալու հարցը։

«Մարտի 1-ի խնդիրը դեռեւս լուծված չէ, բանտերում քաղբանտարկյալներ կան։ Բայց իրական բարեփոխումների, երկրի տնտեսական իրավիճակի բարելավման, կոռուպցիայի վերացման, գազի սակագնի իջեցման եւ բազմաթիվ այլ  պահանջների անտեսումը լավ բանի չի կարող բերել»,- հավաստիացրեց Կիրակոսյանը:

«Մի բան է «Ա1+»-ին եւ Տիգրան Կարապետյանին լռեցնելը, մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը սահմանափակելը, մեկ այլ բան՝ այլընտրանքային լրատվամիջոցների եւ ինտերնետի վերահսկողություն իրականացնելու անհնարինությունը»,- մխիթարեց փորձագետը՝ հույս հայտնելով, որ գոնե վերջիններիս միջոցով հնարավոր կլինի բարձաձայնել երկրում առկա թերությունների մասին։

Ամփոփելով՝ ՌԱՀՀԿ տնօրենը նշեց, որ որքան շատ են թույլ ու խոցելի, ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից ժողովրդին ներկայացվող ճնշումները, այնքան ավելի մեծ է հնարավորությունը, որ նրանք նույն այդ ժողովրդի կողմից կտապալվեն։