Ժողովուրդը հասկացել է, որ երկրում փոփոխությունների կարելի է հասնել ոչ թե մի քանի կուսակցությունների միավորման, այլ համակարգային փոփոխությունների միջոցով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 20-ին հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, նախկին ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը։

Անդրադառնալով Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանի կազմակերպած ցույցերին, նա նշեց, որ Հայ ազգային կոնգրեսը պետք է փորձեր համագործակցության եզրեր գտնել նրա հետ եւ մասնակցել նրա կողմից հրավիրված հանրահավաքին։

«Լեւոն Տեր-Պետրոսյանը մի շաբաթ առաջ պիտի հայտարարեր, որ ժողովուրդ, գնում ենք մասնակցելու հունվարի 19-ի միտինգին։ Եթե Կարապետյանը հավանական ական է, ապա այդ շփումով ամեն ինչ հստակ կդառնար, եւ նա կտրաքեր։ Իսկ եթե ական չէ, ապա շատ ավելի լավ, պետք  է գտնել համագործակցության եզրեր եւ ժողովրդին տանել առաջ»,-հայտարարեց Սեֆիլյանը։ Մինչդեռ, ըստ նրա, ընդդիմությունը մի կողմ է քաշվել եւ խանդով է վերաբերվում Կարապետյանի կողմից իրականացվող գործողություններին ու բամբասում։

Հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում «Սարդարապատը»  չի միանում Տիգրան Կարապետյանին, Սեֆիլյանը պատասխանեց, թե իրենք դեռեւս պատրաստ չեն ստանձնել ժողովրդին առաջնորդելու գործը։ Ներկայումս «Սարդարապատը» աշխատում է երկիրը կառավարելու հայեցակարգի վրա եւ այն պատրաստ լինելու դեպքում կդիմի գործողությունների։ «Մենք մի անգամ ենք փողոց դուրս գալու եւ այլեւս չենք վերադառնալու»,-հայտարարեց Սեֆիլյանը։ Նա միաժամանակ հավելեց, որ 90-ականներին իշխանությունն անցավ անարժան մարդկանց, ովքեր մինչեւ այժմ շարունակում են ղեկավարել երկիրը։ «Իսկ մենք հավաքագրում ենք արժանավոր մարդկանց, ովքեր արժանի կլինեն ծառայել ժողովրդին։ Մենք մտադիր չենք տականքին փոխարինել տականքով»,-հայտարարեց Սեֆիլյանը։