Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Կիպրոսում զավեշտալի է հնչում։ Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Նա նշեց, որ ամբողջությամբ ծանոթ չէ Սերժ Սարգսայնի ելույթին, սակայն հպանցիկ կարդացել է այդ ելույթի այն հատվածները, որտեղ խոսվում է ներազգային հարցերի մասին։
«Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները, իրոք, խղճալի վիճակում են, քանի որ բոլորը չէ, որ հետեւում են մեր երկրի անցուդարձին եւ այդ պատճառով չգիտեն, որ այդ մարդու ասածը իրականության հետ ընդհանրապես կապ չունի»,-հայտարարեց Սեֆիլյանը։ Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը ազգային հարցերի մի բան է հայտարարում արտասահմանում, սակայն Հայաստան վերադառնալով 180 աստիճան հակառակ բանն է անում։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Կիպրոսում մասնավորապես հայտարարել էր. «Այսօր Հայաստանը իրականացնում է լայնամասշտաբ բարեփոխումներ եվրոպական կառույցների սերտ աջակցությամբ: Մենք առաջինն ենք ցանկանում ունենալ ժողովրդավար եւ եվրոպական արժեքներին դավանող հարեւաններ, հարեւաններ, որոնք խնդիրները լուծում են երկխոսությամբ եւ բանակցություններով եւ ոչ թե սպառնալիքներով»:





























