ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ նախագիծն անհեթեթություն է։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Նա նշեց, որ դեմ չէ նախագծի բովանդակային կողմին, դեմ է նման առաջարկով գործող ԱԺ-ին դիմելուն։

«Ո՞ւմ եք դիմում, ո՞ր խորհրդարանին, Աբրահամյան Հովիկի, ...վրիպեցի,  պիտի ասեի՝ Մուկի խորհրդարանի՞ն»,-տարակուսեց Սեֆիլյանը։ Նա առաջարկեց ջրբաժան գծել երկիրը կեղեքողների եւ չկեղեքողների միջեւ եւ այս իշխանությունների հետ կապող բոլոր կամուրջներն այրել։

«Ոչ մի համագործակցություն կեղեքիչների բուրգին կանգնած մարդկանց հետ չպետք է լինի։ Պիտի գիծը քաշվի եւ գծից այս կողմ պետք է ընթանա նոր պրոցես։ Պետք է այլընտրանքային իշխանություն ձեւավորվի՝ խորհրդարան, կառավարություն, ինչն արդեն սկսել է Սարդարապատը»,-հայտարարեց ասուլիսի հյուրը։

Նրա խոսքով՝  գործող ռեժիմին տապալելուց՝ իշխանափոխությունից շատ ավելի կարեւոր հանգամանք է այն, թե ինչպես ես հետագայում կառավարելու երկիրը։ Այդ է պատճառը, որ «Սարդարապատը» ներկայումս ձեւավորում է իր այլընտրանքային կառավարության «բջիջները», որպեսզի իշխանության գալուց հետո կարողանա կառավարման հին համակարգը փոխարինել նորով։